Ցեղասպանության տարելիցի իրադարաձությունների քրոնիկոնը՝


Թբիլիսիում վիրահայերը պահանջատիրական ցույց են իրականացրել Թուրքիայի դեսպանատան դիմաց
Լոնդոնի սուրբ Եղիշե հայ առաքելական եկեղեցում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը
Սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչվել է նաև Օքսֆորդի համալսարանական եկեղեցում։
Դամասկոսի քույր եկեղեցիների առաջնորդների ու եպիսկոպոսների մասնակցությամբ տեղի է ունեցել միջեկեղեցական բարեխոսական աղոքթ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի թաղման արարողությանը


Քահանայապետի մահվան կապակցությամբ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել: Վեհափառ հայրապետն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագը, Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը, ինչպես նաև պապի՝ Հայաստան այցելությունը:

 

Նյումեգ հրատարակչությունն ու ՀԲԸՄ կազմակերպել են ցեղասպանագիտության շաբաթ


Միջոցառմանը հեղինակի մասնակցությամբ քննարկել են թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» կամ «Հարյուր տարվա ապարտեիդ» գիրքը, որտեղ Աքչամը քննադատում է Թուրքիայի հարյուր տարվա պատմությունը, ընդգծում կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարական արժեքների բացակայությունը։ Նա նկատում է, որ երկրի հիմնադրման պատմությունը խեղաթյուրված է և ծառայում է ռեժիմին։ Աքչամի կարծիքով, Թուրքիայի պետական կառուցվածքը հիմնված է խտրականության, բռնության և ճնշումների վրա, ինչը հիշեցնում է «ապարտեիդի» համակարգի գործելաոճը։ Թուրք պատմաբանը առաջարկում է պատմությունը վերաշարադրել նոր տեսանկյունից, առանց քարոզչության և կոչ է անում ընդունել անցյալի սխալները, որպեսզի Թուրքիան կարողանա կառուցել ավելի ազատ և արդար հասարակություն։

 

Հռոմի երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը 9 տարի առաջ այս օրերին Հայաստանում էր


Նա Հայաստան էր եկել Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսի հրավերով և մի քանի օր անցկացրել է սուրբ Էջմիածնում, այցելել է սրբավայրեր, աղոթել՝ հայոց եկեղեցիներում: Ֆրանցիսկոս քահանայապետը պապ էր ընտրվել 2013 թվականին Բենեդիկտոս 16-րդ պապի հրաժարականից հետո: Կաթոլիկ աշխարհի հովվապետը 89 տարեկանում մահացել է Վատիկանում գտնվող իր կեցավայրում:

 

Դեպի Հարության Տաճար ուղեւորվելիս հայ հոգեւորականներն ու ուխտավորները կրել են Արցախի դրոշը


Ապրիլի 20-ի կեսգիշերից հետո Երուսաղեմի հայոց վանքի միաբանները կատարել են առաջին մուտքը Սուրբ Հարության Տաճար: Քրիստոսի խաչելության վայրում՝ Սուրբ Գողգոթայի վրա, աղոթքից հետո Միաբանությունը բարձրացել է Հայոց Երկրորդ Գողգոթա վերնամատուռ, որտեղ կատարվել է Գիշերային ժամերգություն: Լուսադեմին առավոտյան ժամերգության շարականի երգեցողությամբ Միաբան Հայրերը եւ Ժառանգավոր սաները թափորով վերնամատուռից իջել են և սկսել եռադարձ թափորը Քրիստոսի Ս. Գերեզմանի շուրջ: Առավոտյան տեղի է ունեցել երկրորդ մուտքը Սուրբ Հարության Տաճար։

 

Սուրբ Հարության տոնը Թբիլիսիի հայերը նշել են թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում


Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցել Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: Նա օրհնել է զատկական խորհրդանիշ ներկված հավկիթները: Պահպանիչ աղոթքից հետո սկսվել է ժողովրդական տոնախմբություն: Հյուրասիրություն է կազմակերպվել եկեղեցու բակում:

Վերաօծումից հետո առաջին անգամ Մայր տաճարում նշվել է Հարության տոնը


Պատարագին հանդիսապետել է Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսը: Մայր տաճարում ճրագալույցի պատարագը մատուցել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Ճրագալույցի պատարագով սկսվել է Սուրբ Հարության տոնը։ Մայր տաճարում ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ձեռամբ խորանում վառվող մոմից լույս է բաշխվել ներկաներին:

Եկեղեցին հիշատակել է Քրիստոսի վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը


Ավագ Հինգշաբթի առավոտյան Մայր Տաճարում կատարվել է Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն: Ապաշխարության արարողությանը մասնակցել են պահք պահող հավատացյալները: Ավագ հինգշաբթի առավոտյան նրանց` ապաշխարողներին, արձակում է տրվում: Ապաշխարությունը հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է: Ապաշխարողն այն մարդն է, որ զղջում է հանցանքի, զանցանքի կամ սխալի համար, և պատրաստ է մեղքը քավել: Անկեղծ զղջացողներին և ապաշխարողներին մեղքերի թողություն է շնորհվում։

Լույս է տեսել «Սուրբ Էջմիածի Մայր տաճարի քարե տարեգրությունը» խորագրով մենագրությունը


Այն նվիրված է Մայր տաճարի վերաօծմանը և ամփոփում է Մայր տաճարի վիմագրական ժառանգությունը: Առաջին անգամ տարեգրության տեսքով` այսինքն, ժամանակագրական կարգով ներկայացվում են Մայր տաճարի շինարարական, նորոգչական աշխատանքները դարերի ընթացքում: Մենագրության հեղինակը վիմագրագետ Արսեն Հարությունյանն է։ Մայր Տաճարի հայերեն վիմագրերը մանրամասն ուսումնասիրվել են վերջին մասշտաբային հիմնանորոգման ժամանակ, երբ բացվել են շինության պատերի տարբեր շերտերը:

Խրիմյան Հայրիկի 205-ամյակի առիթով Վասպուրական հկ անդամներն այցելել են Մայր աթոռ


Մայր տաճարի դիմաց Մկրտիչ Ա հայրապետի գերեզմանի մոտ Հոգեհանգստյան արարողություն է կատարվել: Աղոթքով և խնկարկումով Մայր Աթոռի միաբաններն ու Վասպուրական հկ անդամները ոգեկոչել են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին մեծ ժողովրդականություն վայելող հայրապետի հիշատակը: Միջոցառման մասնակիցները այցելել են Մայր Աթոռի Ռուբեն Սևակ և Խրիմյան Հայրիկ թանգարաններ։

Վիմագրագետը պարզել է, թե ինչու է Տաթեւի վանքը կոչվել նաեւ Ս. Եվստաթիոս առաքյալի վանք


Վիմագրագետ Արսեն Հարությունյանը Տաթևի վանքն ուսումնասիրելիս նկատել է, եկեղեցեկան պատմագիրների աշխատություններում, մատենագրական ուշ շրջանի վավերագրերում Տաթևի վանքը կոչվում է նաև Ս. Եվստաթիոս առաքյալի վանք։ Նրա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մինչև 15-րդ դարի պատմական աղբյուրներում հիշատակված չէ, որ վանքը Եվստաթեոս առաքյալի անունով է կոչվել։ Տաթևի վանքի քարե արձանագրություններում ևս Եվստաթիոս առաքյալի անունը վկայված չէ: Միայն 15-րդ դարից սկսած` Տաթևացու րաբունապետության շրջանից է շրջանառվում նրա հետ կապված ավանդությունը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանաների վերապատրաստման դասընթացների մասնակիցներին


Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է փոխանցել քահանա հայրերին, բարձր գնահատել եկեղեցականների նախանձախնդրությունը ծիսական, աստվածաբանական գիտելիքի հարստացման գործում: Նորին սրբությունն ընդգծել է, որ ծառայությունն առավել արդյունավետ իրականացելու համար կարևոր է շարունակական կրթությունը: Նորին Սրբությունը հորդորել է քահանաներին իրենց կարողություններն ու գիտելիքն ի սպաս դնել Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և հայրենիքի շենացման համար։