Կարգալույծ է հռչակվել Տեր Տարոն քահանա Հունանյանը


Տեր Տարոն քահանա Հունանյանը կարգալույծ հռչակվելու համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։ Նա ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիսից, անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ, մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին, հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին, անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։

Քյոլնում կայացել է Հայաստանից ժամանած պատանի երաժիշտների համերգը


Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի և Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիայի շրջանավարտ Արփինե Կալինինան իր ստեղծագործական դասարանի չորս տաղանդավոր սաների հետ Գերմանիայի Հայոց Թեմի կողմից հրավիրված էր Գերմանիա` համերգային շրջագայության։ Տարբեր ուսումնական հաստատություններում սովորող նրա սաները` 15-ամյա Արտաշես Մոսիկյանը, 14-ամյա Հայկ Ջուլհակյանը, 11-ամյա Արթուր Գրիգորյանը և 15-ամյա Դալար Չիչյանը, որպես պատանի կոմպոզիտորներ տարբեր հանրապետական և միջազգային մրցույթների, փառատոների դափնեկիրներ ու մասնակիցներ են: Քյոլնում, ապա Բրեմենում և Շտուտգարտում պատանիները 3 համերգով հանդես են եկել:

Բուենոս Այրեսում ի տեր է ննջել Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը


Սրբազանի մահվան կապակցությամբ իրենց ցավակցություն են հայտնել Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Երուսաղեմի հայոց պատրիարքությունը: Լուսահոգի սրբազանը Հայաստանյայց առաքելական եկեղեցու երեց սպասավորներից էր: 32 տարի եղել է Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդը: Ծնվել է 1951 թվականին, Հալեպում: Սովորել է Երուսաղեմի հայոց պատրիարքության ժառանգավորաց վարժարանում և Ընծայարանում: 1963-ին ձեռնադրվել է սարկավագ, 1971-ին՝ կուսակրոն քահանա: 1975-ին մեկնել է Արգենտինա, որպես Բուենոս Այրեսի հոգևոր հովիվ, միաժամանակ ուսուցչություն է արել, դասավանդել է հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն և կրոնա-եկեղեցական առարկաներ: 1975-ին Եղիշե պատրիարքի ձեռամբ ստացել է վարդապետական չորս աստիճանները:

 

Գանձերի տունդարձը. գեղարվեստի հավաքածու


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլև արվեստի գործերի բացառիկ պահոց։ Մայր Աթոռի գեղանկարչական հավաքածուն ձևավորվել է դեռևս Հովհաննես Ութերորդ Կարբեցու օրոք՝ 19-րդ դարի սկզբին, իսկ Գարեգին Երկրորդ հայրապետի հովանավորությամբ և ջանքերով այն համալրվել է 436 մշակութային արժեքներով: Մայր աթոռի գեղանկարչական հավաքածուն համալրվել է ոչ միայն հայ դասական, այլև ժամանակակից նկարիչների գործերով:

Գանձերի տունդարձը. հնատիպ գրքեր


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել է Գարեգին Ա կրթական կենտրոնը, որի հիմքում Վազգեն Ա, Գարեգին Ա և Գարեգին Բ կաթողիկոսներիի անձնական գրքերի հավաքածուներն են: Հնատիպ հավաքածուն ձևավորվել է զուգահեռ այն հավաքածուի, որ արդեն Մայր Աթոռում գոյություն ուներ: Այս պահին Սուրբ Էջմիածնում հնատիպ գրքերի երկու հավաքածու գոյություն ունի: Ընդհանուր առմամբ մինչև Վեհափառ հայրապետի գահակալությունը Մայր Աթոռում հաշվվում էր մոտավորապես 2000 միավոր հնատիպ գրականություն: Վերջին 25 տարիներին երկու հավաքածուները համալրվել են շուրջ 960 միավորով: 2021 թվականին, Մայր Աթոռում Մատենադարան է հիմնադրվել: Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ կառուցվել է հոյակերտ նոր շինություն: Երկհարկանի շենքում են տեղավորվել գրապահոցները և օժանդակ սենյակները, վարչական մասը, ընթերցասրահը, այդ թվում նաև՝ հնատիպ գրքերի ընթերցասրահը: Մայր Աթոռի Մատենադարնում պահվող հնատիպերի հավաքածուն 703 նմուշ ունի, դրանցից 620-ը Գարեգին Երկրորդ կաթողիկոսի գահակալության շրջանում են հասել Էջմիածին:

 

Գանձերի տունդարձը. ձեռագիր մատյաններ


Սուրբ Էջմիածնի ձեռագրական հավաքածուն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով համալրվել է 123 ձեռագրով: Այժմ արդեն Մայր Աթոռի ձեռագրական հավաքածուն Հայաստանում մեծությամբ երկրորդն է Մաշտոցյան Մատենադարանից հետո: Վեհարանի նորոգումից հետո վեհափառի հատուկ կարգադրությամբ հատուկ պահարաններ են տեղադրվել, որտեղ խնամքով ժողովված են Մայր Աթոռի ձեռագրերը: Դրանք ոչ միայն պահվում են ձեռագրատանը, այլև ցուցադրվում Մայր Աթոռի թանգարաններում, մասնակցում Հայաստանում և սփյուռքում տեղի ունեցող ցուցահանդեսների:

Գանձերի վերադարձը


Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությամբ և տնօրինությամբ վերջին քառորդ դարում Սուրբ Էջմիածին է բերվել 32 մասունքարան՝ աջաձև, խաչ-մասունքարաններ, մասանց պահարաններ: Դրանցում ամփոփված են հայ առաքելական եկեղեցու և համաքրիստոնեական սրբերի մասունքներ: 25 տարում հազվագյուտ և բացառիկ մասունքներով է հարստացել Մայր Աթոռի սրբություների գանձարանը:

Սուրբ Գևորգի տոնին վերաօծվել է Սյունիքի Լոր գյուղի եկեղեցին


Օծման արարողությունը կատարել է Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը` թեմի հոգևոր դասի մասնակցությամբ: Սրբազան հայրն օծել է եկեղեցու սուրբ Սեղանը, մկրտության ավազանը, սյուները: Մակար եպիսկոպոսը նաև վերաօծված սրբավայրում առաջին պատարագն է մատուցել: Լորի Սուրբ Գևորգը եռանավ բազիլիկ է, որը կառուցվել է 17-րդ դարում: Մուտքի միակ դուռը կամարներով զարդարված՝ սրբատաշ քարի շրջանակ ունի:

Պատմության թանգարանում բացվել է Լուվրի թանգարանի հետ առաջին ցուցահանդեսը


Լուվրից Հայաստանի Պատմության թանգարան է բերվել միջնադարյան հոգևոր արվեստի 16 գլուխգործոց։ Դրանք ցուցադրվում են Պատմության թանգարանի մոտ 20 ցուցանմուշների հետ, որոնցից մեկը փոխառված է Սուրբ Էջմիածնի գանձերից: Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի արծաթյա մասունքարանն է՝ պատրաստված Վանում, տասներորդ դարում: Մասանց պահարանի մեջ ամփոփված են հայոց առաջին լուսավորիչներից Բարդուղիմեոս առաքյալի մասունքը: Ընդհանուր թեման է՝ Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Պապի հետ հանդիպմանը անդրադարձել է բռնի տեղահանված արցախահայության խնդիրներին, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը, ռազմագերիների և պատանդառվածների վիճակին։ Հռոմի պապին նորին սրբությունը արցախյան խաչքարի կրկնօրիակ է նվիրել: Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը Լևոն 14-րդ Պապին հրավիրել է Հայաստան։

 

Խաչվերաց տաղավար տոնի հաջորդ օրը Մեռելոց է


Եկեղեցիներում Պատարագ է մատուցվել, որի ընթացքում հեգեհանգստյան կարգ է կատարվել՝ բոլոր ննջեցյալների հիշատակին։ Հոգեւորականներն ու հավատացյալները աղոթել են ննջեցյալների հոգիների խաղաղության համար։ Հանգուցյալների հարազատների խնդրանքով հոգեւորականները օրհնել են գերեզմանները։

 

Վիրահայոց թեմում Խաչվերացի տոնին անցկացրել են Մուսա լեռան ավանդական հարիսայի փառատոն


Փառատոնը կազմակերպել են թեմի առաջնորդի աջակցությամբ և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ։ Հարիսան պատրաստել են Եկեղեցասեր կանանց և «Հ.Մ.Ը.Մ Թիֆլիս» հասարակական կազմակերպության անդամները: Թբիլիսահայ համայնքում հարիսայի փառատոնը անցկացվում է 2012 թվականից անընդմեջ, տարեցտարի ընդարձակվելով՝ վերածվել է ժողովրդական տոնահանդեսի: