Ծաղկեվանքում ուխտավորների մի մասը պատարագին մասնակցել է դրսում՝ աստիճանների վրա


Տեր Սարգիս քահանա Սարգսյանը ուխտավորներին ներկայացրել է Համբարձման տոնի խորհուրդն ու կարևորությունը: Համբարձման տոնը Ծաղկեվանքի ուխտի օրն է։ Ուխտավորները հույսով, հավատով, աղոթքով հասնում են վանք՝ խնդրելու քրիստոնյա կույսի բարեխոսությունը: Հավատացյալները կաթիլ առ կաթիլ հավաքում պատերից հոսող ջուրը հիվանդներին բժշկելու համար:

 

Մայիսի 16-ին Սուրբ Էջմիածնի թանգարանները ժամը 11:00-ից մինչև 24:00-ը բաց կլինեն այցելուների համար


Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանում կներկայացվի Հայրապետահաստատ նոր շքանշաններ․«Սուրբ Էջմիածին», «Ասպետ Սուրբ Էջմիածնի», «Դուստր Ս. Էջմիածնի» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ռուբեն Սևակի թանգարանում ժամը 16:30-ին կբացվի «Հայոց տաճարները Հովհաննես Ասատրյանի աչքերով» ցուցահանդեսը։ Նախապես գրանցված մասնակիցների համար նախատեսված է նաև կրթական ծրագիր՝ մանրանկարչական փազլ հավաքելու մրցույթ: Սևակի թանգարանում ժամը 21:00-ին նախատեսված են նաև արևմտահայ գրականության ընթերցումներ ու երաժշտական կատարումներ։

 

Միքայել Սրբազանի նկատմամբ չէր կարող հարուցվել քրեական հետապնդում․ Փաստաբան


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը արդեն մասնակցում է կիրակնօրյա պատարագների, հաղորդություն ստանում, սակայն Պատարագ մատուցելու և քարոզելու իրավունք չունի։ Նախորդ նիստում վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը՝ տնային կալանքը թողնելով ուժի մեջ։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ ամբողջ քրեական վարույթն անօրինական է։ Ըստ նրա՝ Սրբազանի նկատմամբ չէր կարող հարուցվել քրեական հետապնդում և նախաձեռնվել քրեական վարույթ, քանի որ այն հիմնված է ոչ իրավաչափ աղբյուրից ստացված տեղեկության վրա:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիր


Մայիսի 9-ին հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիր, անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ է դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների անմար հիշատակին: Հոգևորականները Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ աղոթել են նրանց հոգիների հանգստության համար:

 

Քրիստոսի Խաչափայտի մասունքը տեղափոխվել է Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի


Սուրբ Խաչի երևման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվում Քրիստոսի Խաչափայտի սրբազան մասունքը: Մեծ Հայքի Մոկք նահանգի Ապարան գյուղից է Սուրբ մասունքը բերվել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, ապա իր հանգրվանը գտել Մայր Աթոռի գանձատանը։ Մասունքը սովորաբար եկեղեցում պահվում է մինչև երեկո՝ հնարավորություն ընձեռելով բոլորին հաղորդակցվելու մասունքից բխող զորությանը։

 

Ներքին Դվին գյուղի բնակիչներն ու հոգևորականները նշել են իրենց եկեղեցու ուխտի օրը


Սուրբ Հարություն եկեղեցին օծվել է 26 տարի առաջ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։ Խորհրդային Միության փլուզումից հետո հիմնադրված առաջին եկեղեցիներից է։ Հիմնարկեքը կատարել է երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսը՝ 1996 թվականին։ Այդ ժամանակ էլ սրբավայրը կոչել է Սուրբ Հարություն՝ նկատի ունենալով նորաստեղծ պետականությունը, անկախությունը և հոգևոր վերազարթոնքը։

 

Ջեմալին Թբիլիսիում գնդակահարած Արտաշես Գևորգյանի գերեզմանի տեղը մինչև օրս հայտնի չէ


Ջեմալի վրիժառու Արտաշես Գևորգյանի եղբոր թոռը՝ Վերգինե Գևորգյանը Ցեղասպանության թանգարանին է նվիրել Գևորգյանների անձնական իրերը, փաստաթղթեր, լուսանկարներ, սակայն Արտաշես Գևորգյանի իրերից ոչինչ չի պահպանվել: Նրան 1930-ականներին մեղադրել են կոլտնտեսությունը կողոպտելու մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման։ 1928 թվականին նա նամակ է գրել ՀԽՍՀ Չեկայի և Պետքաղվարչության նախագահին՝ խոստովանելով Ջեմալի սպանությունը։ Ավելի ուշ նրան մեղադրել են Լավրենտի Բերիայի դեմ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ։ Արտաշես Գևորգյանը գնդակահարվել է 1937 թվականի օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը։ Նրա մահվան վայրը և գերեզմանի տեղը մինչև օրս հայտնի չէ։

 

Վերժինե Սվազլյանը պատրաստվում է արևմտահայերի թուրքալեզու բանահյուսության մասին նոր գիրք հրատարակել


Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում գիտնականը ներկայացրել է 1955-2025 թթ․ իր գրի առած ու ձայնագրած նյութերը, որոնք վերաբերում էին արևմտահայոց բռնի թուրքախոս դարձնելուն Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությանը: Հայատառ թուրքերեն գրականությունը եղել է բռնի իսլամացված ավելի քան կես միլիոն թրքախոս և հայերեն չիմացող հայերի հաղորդակցության միջոցը։ Այդ լեզվով են թարգմանվել համաշխարհային դասականների ու ժամանակի հայտնի հեղինակների գործեր։

 

Ջահերով երթն անցկացվել է «Պայքարը շարունակվում է» կարգախոսով


«Պայքարը շարունակվում է» կարգախոսը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայկազուն Սրբազանը փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը երթի մասնակիցներին: Սրբազան հայրը կոչ է արել հավատարիմ մնալ ինքնությանն ու վառ պահել ազգային հիշողությունը:

Հարության տոնը աշխարհում


Ապրիլի 5-ին Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը միավորեց աշխարհասփյուռ հայերին։ Մայր Տաճարում Պատարագ մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հայոց բոլոր եկեղեցիներում անցկացվեցին տոնախմբություններ: Աշխարհասփյուռ թեմերի բոլոր եկեղեցիներում ընթերցեցին Հայոց Հայրապետի զատկական պատգամը: Հայրապետական խոսքն ուղեցույց է հայրենիքից հազարավոր մղոններ հեռու ապրող հայ մարդու համար, նաև կոչ՝ անձնական կարողությունները ծառայեցնելու ազգային շահին:

 

Ընդհատված առաքելություն


Զինված ուժերի հոգևոր սպասավորության ինստիտուտի գործունեությունը Պաշտպանության նախարարությունը փետրվարին դադարեցրեց: Կառավարությունն այդ որոշումը մեկնաբանեց որպես բանակի աշխարհիկացման և կրոնական կառույցներից տարանջատման քայլ։ Որքանո՞վ է ողջամիտ կառավարության այս պնդումը, իրականում ի՞նչ խնդիր էին լուծում բանակում հոգևորականները և ո՞րն էր պաշտպանության նախարարության այս որոշման իրական պատճառը։

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստը անցկացվել է առանց տուժողների


Կարգալույծ Արամայիս Թոխմազյանը և Ստեփան Ասատրյանը չեն ներկայացել դատարան։ Մեղադրանքի համաձայն՝ Մկրտիչ Սրբազանը թեմի հոգևորականներին պարտադրել է մասնակցել վարչապետի դեմ կազմակերպված հավաքներին, իսկ 2021 թվականի ընտրությունների ժամանակ հրահանգել չքվեարկել իշխող ուժի օգտին։ Սրբազան հայրը մեղադրանքը չի ընդունում: Փաստաբաններն այն որակում են որպես քաղաքական հետապնդում: