Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը Մայր Աթոռում


Սեպտեմբերի 15-17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը, որին մասնակցում էին նաև Կ. Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները։ Ժողովականները քննարկեցին Ազգային ժողովում և Կառավարության ծրագրում Հայ Եկեղեցուն վերաբերող դրույթները, և ԳՀԽ-ն անընդունելի ու դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու քաղաքականությունն ու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը։

 

Մայր Աթոռում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովը


Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական քառօրյա ժողովը։ Օրակարգում ընդգրկված են Եկեղեցու կանոնական և թեմական կյանքին, կանոնադրությանը, հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանն ու համայնքներում քրիստոնեական դաստիարակության զորացմանը, ինչպես նաև եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրներին ու Եկեղեցու նկատմամբ ընթացող 23 դատական գործերին առնչվող հարցեր։

 

Խաչվերացի տոնական Պատարագ Մայր Տաճարում


Սեպտեմբերի 13-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Խաչվերացի տոնական Պատարագ, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և Սուրբ Խաչին նվիրված գլխավոր տոնը։ Պատարագիչ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քարոզում անդրադարձավ Խաչվերացի պատմական ակունքներին ու խաչի կենարար զորությանը։ Երեկոյան Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Տաճարից դուրս բերվեց Տիրոջ խաչափայտի նվիրական մասունքը՝ ռեհանով և ծաղիկներով զարդարված, և կատարվեց Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն ու անդաստանի կարգ։

 

Գործք Արևելքի կազմակերպության անդամներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը


Սեպտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսիական «L'Œuvre d'Orient» ՝ Գործք Արևելքի մարդասիրական կազմակերպության անդամներին՝ առաջնորդությամբ եպիսկոպոս Հյուգ դը Վուայմոնի։ Նորին Սրբությունը բարձր գնահատեց կազմակերպության 170-ամյա գործունեությունը, Արևելքի քրիստոնեական համայնքներին ու հայ ժողովրդին ցուցաբերվող հետևողական աջակցությունը։

 

Լույս ասոցիացիայի բժիշկներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը


Սեպտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիական «Լույս» ասոցիացիայի նախագահ Լևոն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը՝ կազմված հայազգի և ֆրանսիացի բժիշկներից: Սեպտեմբերի 5–8-ը ասոցիացիան բժշկական-մարդասիրական առաքելությամբ գտնվել էր Տավուշի մարզի հեռավոր սահմանամերձ գյուղերում, և Վեհափառ Հայրապետը հանդիպման ժամանակ բարձր գնահատեց բժիշկների ազնիվ հանձնառությունն ու Հայաստանում ծավալած ողջ գործունեությունը։

 

Մի գորգի պատմություն. նախաձեռնության անդամները Մայր Աթոռում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Մի գորգի պատմություն» նախաձեռնության մասնակիցներին, ովքեր Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ Հայոց Հայրապետին ընծայեցին Արաբկիրի Հայորդյաց տան սաների՝ մեկ ուսումնական տարվա ընթացքում գործած ինքնատիպ վիշապագորգը։ Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ-ին ու նախաձեռնության մասնակիցներին և իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Հայորդյաց տների հոգևոր տեսչին, քահանայից դասին, տնօրեններին ու մանկավարժներին։

 

Արցախի Անկախության օրվա առիթով՝ Խաղաղության աղոթք Մայր Տաճարում


Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Խաղաղության աղոթք։ Աղոթք բարձրացվեց բռնի տեղահանված արցախահայության, Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու Արցախի պատանդառված ղեկավարների ազատ արձակման համար, ինչպես նաև հիշատակվեցին արցախյան պատերազմներում զոհված քաջորդիները։

 

Կրթության մշակների օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Օգոստոսի 30-ին՝ Սուրբ Աստվածածնի Գոտուգյուտի տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Տեր Վիրապ աբեղա Սարգսյանի ձեռամբ։ Պատարագից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը։ Նոր՝ 2026-2027 թթ. ուսումնական տարեշրջանին ընդառաջ, Հայրապետական օրհնություն ստանալու նպատակով Մայր Աթոռ էին այցելել կրթական կառույցների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ինչպես նաև Էօրնեկյան հանրակրթական դպրոցի ուսուցչական կազմը։

 

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով


Օգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-ամյա հոբելյանի առիթով շնորհավորեցին եպիսկոպոսաց դասը, քահանաները, սարկավագները, աշխարհիկ պաշտոնեությունն ու Սփյուռքից ժամանած երիտասարդները: Հայրապետն իր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց ներկաներին՝ ընդգծելով, որ թե՛ անցյալում և թե՛ այժմ հոգևորականների ու աշխարհականների լծակից ջանքերով է ամուր մնում մեր հոգևոր ու ազգային կյանքը։

 

Մկրտիչ սրբազանի գործով դատական նիստին ցուցմունք է տվել կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը


Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով ցուցմունք էր տալիս տուժող համարվող Ստեփան Ասատրյանը, ով պնդում է, թե սրբազանն իրեն հարկադրել է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին և 2021-ի ընտրություններին չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։ Պաշտպանական կողմը, սակայն, ներկայացրեց առնվազն ութ դեպք, երբ Ասատրյանը փաստաթղթավորված կերպով բացակայել է նշված հավաքներից, և հարկադրանքի կոնկրետ մեխանիզմ ապացուցող որևէ փաստ դատարանում չներկայացվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին՝ դռնբաց։

 

Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, Մայր Աթոռում


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հազարավոր հավատացյալների էր համախմբել Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տոնական Պատարագ մատուցեց Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։ Պատարագի ավարտին հայրապետական թափորը շարժվեց դեպի Սուրբ Տրդատ Բաց Խորան, որտեղ Հայոց Հայրապետը կատարեց խաղողի օրհնության կարգը և, դիմելով իր աշխարհասփյուռ ժողովրդին, հորդորեց․ «Լավատեսությամբ շարունակեք շենացնել մեր երկիրը»։ Արարողությունից հետո օրհնված խաղողը բաժանվեց ժողովրդին։

 

Գլխավոր դատախազը բողոքարկել է Միքայել Սրբազանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը


ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշման դեմ։ Գլխավոր դատախազը համաձայն չէ որոշման հետ և Վճռաբեկ դատարանից պահանջում է այն բեկանել, ինչի մասին հայտնում է Սրբազանի պաշտպանական թիմը։