Նորայր Ավագյանը 44-օրյա պատերազմից հետո


Նորայր Ավագյանը 44-օրյա պատերազմի օրերին կամավորագրվել ու մեկնել է ճակատ։ Շուշիի պաշտպանության մարտերում ողնաշարի վիրավորում է ստացել: Այժմ անվասայլակով է: Երազում է սեփական տան ու արհեստանոցի մասին:

Սեյրան Սողոյանը 44-օրյա պատերազմից հետո


Սեյրանի ժամկետային զինվորական ծառայության ավարտին 3 ամիս էր մնացել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ջաբրայիլի ամենաթեժ մատերի մասնակից դարձավ Սեյրանը: Վերջին կրակահերթը անհետևանք չմնաց: Սեյրանի հետ հանդիպել ենք պապական տանը՝ Մարտունիում: Տատի հետ ձուկ էր կտրտում ու երգում: Վստահ է, որ մի օր սայլակից վեր է կենալու ու քայլի:

Ի՞նչ կարդալ դժվար ժամանակներում


Գրականությունն ունի նաև թերապևտիկ, սթափեցնող, հոգևոր ներդաշնակությունը վերականգնող հատկություններ: Այս ամենը հատկապես կարևորվում է անհատական ու հասարակական ճգնաժամերի պահերին: Ի՞նչ կարդալ դժվար ժամանակներում: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Աբրահամ Հակոբյանը 44-օրյա պատերազմից հետո


Աբրահամ Հակոբյանը բեկորային վիրավորում է ստացել, դեմքն ամբողջությամբ բեկորներով է պատված, դրանք հեռացնելու համար ևս մեկ վիրահատության կարիք կա: «Հոգնել եմ վիրահատություններից»,- ասում է Աբրահամը: Ծանր վիրավորումից հետո բժիշկները քայլելու հույս չեն տվել, բայց կամքի շնորհիվ Աբրահամն այսօր ոչ միայն քայլում է, այլև վերադարձել է օպերատորի օգնականի իր աշխատանքին: Թեև աշխատանքը ֆիզիկապես ծանր է, վիրավոր ոտքի համար՝ դժվար, Աբրահամը չի էլ մտածում աշխատանքից հրաժարվելու մասին: Սկսել է նաև պատմվածքներ գրել. լիցքաթափվելու և մտքերը կարգավորելու լավ հնարավորություն է:

Տիգրան Մարտիրոսյանը 44-օրյա պատերազմից հետո


«Երկու օր արնաքամ եմ եղել: Բժիշկն ասաց, որ եթե պարանոցս մկանուտ չլիներ, գլխավոր երակս, որի վրայով անցնում է դեմքիս սպին, չէր դիմանա: Ինձ Աստված ու սպորտն են փրկել»: Տիգրանը պատերազմից հետո նոր կյանք է սկսել, բայց ստիպված է եղել թողնել սպորտը: Հադրությում ԱԹՍ-ի հարվածից է վիրավորվել: «Դանակ ունեի, մի կերպ ուժ գտա, հանեցի գրպանիցս ու պահում էի սրտիս մոտ, որ եթե հանկարծ թուրքի ձեն լսեմ, սպանեմ ինձ: Ձայներ լսեցի՝ տեսեք, մեկը շարժվում է, վանաձորցի Տիգրանն ա: Մերոնք եկել էին»:

Մեսրոպ Սարիբեկյանը 44-օրյա պատերազմից հետո


Մեսրոպ Սարիբեկյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Ռուսաստանից է եկել հայրենիք ու կամավորագրվել: Մեսրոպի հայրը Արցախյան առաջին պատերազմում անհայտ կորել է, ընտանիքը տեղափոխվել է արտերկիր: Մեսրոպի հետ մեկ օր անցկացրեցինք Զինվորի տանը, որտեղ նա վիրավորվելուց հետո վերականգնողական բուժում է ստացել: Այժմ լուսանկարչությամբ է գումար վաստակում:

Սիրակ Գևորգյանը 44-օրյա պատերազմից հետո


Սիրակ Գևորգյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Ասկերանի զորամասերից մեկում հասցրել էր ընդամենը մեկ ամիս ութ օր ծառայել, երբ հնչել էր տագնապը: Ձեռքի հյուսվածքների ու հանգույցների 7 վիրահատություն է տարել: Սիրակին հանդիպել ենք Եղեգնաձորի Սուրբ աստվածածին եկեղեցում, դպրական շապիկ հագնելու որոշումը կայացրել էր հերթական վիրահատությունից առաջ:

Ո՞րն է հայ գրականության ոսկեդարը


Դպրոցական դասագրքերից մեզ հայտնի է, որ հայ գրականության ոսկեդարը 5-րդ դարն է: Գրերի գյուտից հետո թարգմանական ու գրական մի մեծ շարժում է սկսվում, որի արդյունքում թարգմանական երկերին զուգահեռ ստեղծվում են հայ գրականության ինքնուրույն երկեր՝ պատմագրություն, փիլիսոփայություն, շարականներ, վարքեր-վկայաբանություններ, մեկնություն և այլն: Արդյո՞ք այս շրջանն իր նշանակությամբ իրապես լավագույնն է հայ գրականության պատմության մեջ և ի՞նչ սկզբունքներով է այն այդպիսին համարվում: Բանավիճում են Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Սամվել Ավդալյանը 44-օրյա պատերազմից հետո


Սամվել Ավդալյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Գանգուղեղային վիրավորում ստանալուց հետո բարդ վիրահատություն է անցել, դեռևս պլաստիկ վիրահատության կարիք ունի: Ապրում է Չարենցավանում, այլևս չկարողանալով վերադառնալ նախկին աշխատանքին՝ գեղեցկության սրահ է բացել և կնոջ հետ միասին աշխատում է, սրահն էլ անվանել են «Եռագույն»:

Երկու ջրհեղեղի արանքում. անկախությունն ու հայ պոեզիան


Անկախության առաջին տարիները մեծ փոփոխությունների շրջան էին նաև հայ պոեզիայի համար։ Այսօր, տարիների հեռվից մի շարք հարցեր են առաջանում՝ ինչպե՞ս բանաստեղծությունն արձագանքեց պատմական այդ կարևոր իրադարձությանը թե բովանդակապես, թե՛ ձևով, ինչո՞ւ չգովերգվեց անկախությունը, ինչպե՞ս փոխվեցին բանաստեղծներն ու ո՞ւր կորան ընթերցողները, արդյո՞ք ստեղծվեցին մնայուն գործեր։ Այս հարցերի շուրջ բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանն ու Հասմիկ Հակոբյանը։

Կենսագրական վեպի սահմանները


1930-ական թվականներին հայ գրականության մեջ ինքնակենսագրական վեպերը մեծ տարածում գտան: Լույս տեսան Ստեփան Զորյանի «Մի կյանքի պատմություն», Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Գուրգեն Մահարու «Մանկություն» և «Պատանեկություն», Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» վեպերն ու վիպակները: Միևնույն ժամանակ՝ սկսեցին գրվել մշակութային, հասարակական֊-քաղաքական և այլ նշանավոր դեմքերի մասին կենսագրական վեպեր: Ինչո՞վ են հատկանշվում ինքնակենսագրական գործերը, կա՞ն էական տարբերություններ և սահմաններ կենսագրական-փաստագրական վեպերի և պարզապես որևէ նշանավոր անհատի մասին գործերի միջև: «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը:

Կոմիտասի կերպարը հայ գրականության մեջ


Կոմիտաս վարդապետի աճյունի` Հայաստան տեղափոխությամբ սկսվեց նրա «գրականացումը»: Կոստան Զարյանի «Կոմիտաս վարդապետին» բանաստեղծությամբ և Եղիշե Չարենցի «Reqiem aeternam» (Կոմիտասի հիշատակին) պոեմով կարելի է ասել սկզբնավորվեց հայ կոմիտասերգությունը: Ինչպիսի՞ն է Կոմիտասը իբրև գրական կերպար, ի՞նչ շեշտադրումներով է առանձնանում, արդյո՞ք գրական Կոմիտասի դիմանկարն ամբողջական է մեր գրականության մեջ: «Զուգահեռ ընթերցումներ»-ում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: