Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 3-րդ


1921թ.-ի նոյեմբերի 17-ի՝ բոլշևիկյան իշխանության որոշմամբ հոգևորականները զրկվում են ընտրելու և ընտրվելու իրավունքից, արգելվում է կրոնական առարկաների դասավանդումը դպրոցներում: 1922թ. փետրվարի 2-ին ընդունված սահմանադրության 6-րդ հոդվածով եկեղեցին դադարում է իրավաբանական անձ լինելու, որևէ սեփականություն ձեռք բերելու իրավունքից: Դրան հետևում է եկեղեցուն պատկանող շարժական և անշարժ գույքի գրավումն ու դրանք պետական սեփականություն հռչակելը: 1930թ. լուծարվում են Սանահինի և Սևանի վանքերը: 1933թ. փակվում է Գեղարդի վանքը, հնագիտական փակ վայր է հայտարավում նաև Այրիվանքը: Հալածանքների և բռնադատումների հետևանքով 1938թ.-ին Մայր Աթոռում մնացել էր ընդամենը 7 հոգևորական: Գործում էր միայն Ս. Էջմիածնի մայր տաճարը:  
Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ

Բռնակարգի նահատակները, մաս 3-րդ. Հայ եկեղեցու քահանաներ


1930-1936թթ. բոլշևիկյան իշխանությունների կողմից բռնադատվել է 109 քահանա: Ընդհանուր առմամբ, մինչև 1938 թվականը Սովետական Հայաստանում բռնադատության է ենթարկվել 148 հոգևորական։ Նրանց նկատմամբ արձանագրվել է 209 բռնության դեպք՝ բանտարկություններից մինչև խոշտանգումներ ու գնդակահարություններ։ Հիմնական մեղադրանքը՝ հակախորհրդային ագիտացիա, ազգայնականություն և հակահեղափոխականություն: Եկեղեցականների դեմ հարուցված կեղծ քրեական գործերն ու շինծու մեղադրանքները բացահայտվել են տարիներ անց: Բոլոր բռնադատվածներն արդարացվել են հանցակազմի բացակայության պատճառով: Երանելի անուններ հայ եկեղեցու տոնացույցում, նրանց նահատակությունը հիշատակվում է ամեն տարի, սուրբ պատարագին, 148 բռնադատված հայ հոգևորականների հետ միասին: Հայ եկեղեցին բոլշևիզմ է տեսել և ապրել

Բռնակարգի նահատակները, մաս 2-րդ. Հայ եկեղեցու վարդապետներ


Տ. Տիրայր վարդապետ Դալլաքյան. Խորեն Ա կաթողիկոսի օգնականը և գավազանակիրը: Մեղադրվել է կասկածելի անձանց և զբոսաշրջիկների հետ կապեր հաստատելու և հակախորհրդային խոսակցություններ վարելու մեջ։ «Եռյակի» որոշմամբ 1937թ․ դեկտեմբերի 2-ին դատապարտվել է գնդակահարության: Արդարացվել է 1989թ․ սեպտեմբերի 25-ին։
Տ. Դանիել վարդապետ Զադոյան. Ախթամարի վարդապետը, Արամ Մանուկյանի զինակիցը: 1894թ․ ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից։ 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո անցել է Իսպահան, ապա՝ Խորհրդային Հայաստան: 1937թ․-ին «Եռյակի» որոշմամբ ձերբակալվել է և դատապարտվել գնդակահարության: Արդարացվել է 1989թ․ սեպտեմբերի 25-ին։ 
Տ․ Հովհաննես վարդապետ Հյուսյան․ Գեղարդավանքի վանահայրը, Կաթողիկոսի ներկայացուցիչը Մերձավոր Արևելքում: Մեղադրվել է  հակահեղափոխական ագիտացիա անելու մեջ և 1937թ․ սեպտեմբերի 21-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Վճիռը բեկանվել է 1940թ․ սեպտեմբերի 21-ին։
Տ․ Եղիշե վարդապետ Շահումյան․ 1931թ․ հոկտեմբերի 7-ին դատապարտվել է 3 տարի ազատազրկման։ Արդարացվել է 1989թ․ հունիսի 30-ին։
Տ. Եզնիկ վարդապետ Վարդանյան, Տ. Երեմիա վարդապետ Ստեփանյանց, Տ. Սուրեն վարդապետ Թորոսյան: Բռնադատվել են շինծու մեղադրանքներով և արդարացվել տարիներ անց՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Երանելի անուններ հայ եկեղեցու տոնացույցում, նրանց նահատակությունը հիշատակվում է ամեն տարի, սուրբ պատարագին, 148 բռնադատված հայ հոգևորականների հետ միասին:

Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 2-րդ


Խորեն Ա Մուրադբեկյան. Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվում 1932թ.-ին: Ընտրության օրվանից պատժիչ մարմինների հսկողության տակ էր: Եկեղեցականների քննության ժամանակ խնդիր էր դրված վարկաբեկիչ տվյալներ հավաքել նրա մասին և ճնշում գործադրել կաթողիկոսի վրա: Նախ, ձերբակալվում և գնդակահարվում է կաթողիկոսի եղբայրը՝ Լևոն Մուրադբեկյանը: Նույն ճակատագրին է արժանանում նաև մյուս եղբայրը՝ Մարգարայի մաքսատան աշխատակից Սերգեյ Մուրադբեկյանը: 1938թ.-ին իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչության զոհ է դառնում նաև Մուրադբեկյան Ամենայն հայոց կաթողիկոսը՝ սպանվելով Վեհարանում: Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ

 

Արևի տակ ոչինչ նոր չէ. մաս 1-ին


Բոլշևիկյան իշխանությունները եկեղեցու դեմ ակտիվ պայքարի են հանում «Ազատ եկեղեցական եղբայրություն» անունով եկեղեցական ընդդիմությանը: Նրանք իրենց հռչակում են եկեղեցու բարենորոգիչ. պահանջում են վերացնել Հայ եկեղեցու նվիրապետական կարգը, բարձրաստիճան հոգևոր իշխանության դասը, կուսակրոնության կարգը, Ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարեցնել գահից և նոր կաթողիկոս ընտրել, որը կլինի «ժողովրդինը», վերջապես՝ «եկեղեցին վերադարձնել հավատավորներին» և Հայ եկեղեցին սահմանափակել Խորհրդային Հայաստանի սահմաններում: Նրանց առջև դրված խնդիրը հատկապես Ս. Էջմիածնի միաբանների դեմ կեղծ մեղադրանքներ հավաքելն ու մատնագրեր սարքելն էր: Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Քաղխորհրդի որոշմամբ տրվում է «Ազատ եկեղեցական եղբայրությանը»: Այս աղանդը երկար կյանք չի ունենում: Դրա ղեկավար Աշոտ եպիսկոպոս Շախյանը 1927թ.-ին՝ մահվանից առաջ, աղերսագիր է գրում Գևորգ Ե կաթողիկոսին, որտեղ խոստովանում է իր կատարած քայլի սխալականությունը և խնդրում վերադարձնել իր կոչումը: Կարգալույծ եպիսկոպոսը վախճանվում է միայնության մեջ, նրան լքել էին նույնիսկ իր քաղաքական հովանավորները: Աղբյուրը՝ ՀՀ ՆԳՆ, ԱԱ և Ազգային արխիվ

Իմ աշխարհը


2010թ.-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ 15 սարկավագ քահանայական ձեռնադրրություն և օծում է ստանում: Այսօր նրանք ծառայում են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերում: Օծակից եղբայրները ձեռնադրության 15-ամյա տարեդարձի օրը հավաքվեցին և այցելեցին իրենց հոգևոր ծնողին՝ ապօրինաբար անազատության մեջ գտնվող Մկրտիչ սրբազանին:

Մյուռոնի ճամփորդությունը


Մայր Աթոռում օրհնությունից հետո սրբալույս մյուռոնը ուղեւորվում է Հայ առաքելական եկեղեցու աշխարհասփյուռ թեմեր և նվիրապետական կառույցներ։ Մյուռոնի սափորը և հայրապետական կոնդակը դիմավորում են Երուսաղեմի, Բեթղեհեմի, Սիրիայի, Արգենտինայի, Ռուսաստանի, Արցախի հայերը: Հենց այդ սրբազան յուղով են աշխարհի տարբեր ծայրերում օծում եկեղեցիները, մկրտում հավատացյալներին, ձեռնադրում և օծում հոգևորականներին: Միայն հայ եկեղեցին ունի այս բաղադրությամբ ու նշանակությամբ օծման յուղ: Քրիստոնյա ժողովուրդներից միայն հայերն են մյուռոնի դրոշմը համարում իրենց ազգային ինքնության կնիքը:

Բովուրխանի վանքն Արցախում


Բովուրխանի վանքը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է: Կառուցվել է 17-րդ դարում, պատմական Արցախի Վարանդա գավառում: Վանական համալիրը Վարանդայի մելիքների ամառային նստավայրն էր: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Բովուրխանի վանական համալիրը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

 

Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին Արցախում


Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին 20-րդ դարում անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին եկեղեցին է: Օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին։ Բերձոր քաղաքի հետ եկեղեցին 2022թ.-ին անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ: 2024 թվականի մայիսի արբանյակային լուսանկարները փաստում են, որ այն հիմնահատակ ոչնչացվել է Ադրբեջանի կողմից: Եկեղեցու կանխամտածված ոչնչացումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։

 

Գանձասարն Արցախում


Գանձասարի վանքը Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում է, Վանք գյուղի մոտ: Արցախի Խաչեն գավառի իշխան Հասան Ջալալ Դոլան Ս. Հովհաննես եկեղեցու կառուցումն սկսում է 1216 թվականին: Շինարարությունը տևում է 22 տարի: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Գանձասարի վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

 

Շոշկավանքն Արցախում


Շոշկավանքը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում է, Մսմնա և Խաչմաչ գյուղերի միջև՝ լեռնային բարձունքի վրա: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Շոշկավանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է:

Ուլուբաբի վանքն Արցախում


Ուլուբաբ գյուղը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում է: Հարուստ պատմություն ունեցող գյուղը Արցախի հայտնի իշխանական տան Հասան Ջալալյանների տոհմից սերված Ուլի պապի մելիքական նստավայրն է եղել, նրա անունով էլ կոչվել է Ուլուպապ կամ Ուլուբաբ: Այստեղ է Պտկեսբերքի Ս. Գևորգը: 2023թ.-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին վանքը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից: Սուրբ Երից մանկանց վանքը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության տակ է: