Հեղինակ և վարող՝ Աննա Սարգսյան
Արագ փոփոխվող ժամանակակից աշխարհում անհատը ինքնադրսևորման խնդիր ունի, հասարակությունները՝ ինքնության նոր նշանների: Մարդկությանը հուզող հավերժական հարցերը, համամարդկային արժեքներն ամեն  հանրույթում փորձության են ենթարկվում յուրովի և պահանջում են լուծումներ յուրաքանչյուր անհատից առանձին:
«Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք և տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու և ինքնագիտակցություն»... Թեմաներ, որ քննարկում են վաստակաշտ և երիտասարդ գիտնականներն, արվեստագետներն ու հոգևորականները «Երրորդ հազարամյակի» տաղավարում:  
Հաղորդաշարը ստեղծվել է 2005թ.: 2011թ-ին բանավեճի մշակույթ զարգացնելու համար արժանացել է Երևանի մամուլի ակումբի ամենամյա մրցանակին:
 
Պարբերականությունը՝ ամեն հինգշաբթի, ժամը 21:55-ին
Կրկնությունը՝ ուրբաթ, ժամը 13:00-ին, կիրակի, ժամը 15:15-ին

Երևան-Ստեփանակերտ-Քյոլն հեռուստակամուրջ, թեման՝ Շուշին 100 տարի առաջ և այսօր


2020թ. հուլիսին Արցախում կազմակերպվել էր միջազգային առցանց գիտաժողով՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին: Զեկուցումների ժողովածուն հրատարակվեց 2021թ.-ին և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՎԱՐՔԸ թեմայով ժողովածուն ցավալիորեն ձեռք բերեց լուրջ արդիականություն: Ժողովածուն լույս է ընծայվել Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի հովանավորությամբ: «Երրորդ հազարամյակի» տաղավարից համաժամանակյա տեսակապ ենք հաստատել Քյոլնի և Ստեփանակերտի հետ: Մեզ հետ զրուցում են Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Մշակութային գլոբալացումը, 44-օրյա պատերազմը և հետպատերազմյան մոլորությունը


Ո՞վ և ինչու՞ է գեներացնում ժողովրդավարական ու ավանդական արժեքների արհեստական հակասության թեման: Ի՞նչ գին ենք վճարում՝ հավատալով այդ հակասությանը: Ի՞նչ գին ենք վճարում՝ հավատալով, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են նմանվել, օրինակ, ֆրանս-գերմանականին: «Երրորդ հազարամյակի» տաղավարում պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանն ու փոիլիսոփայական գիտությունների թեկնածու Մովսես Դեմիրճյանն են: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Պատերազմի ու «խաղաղության» փիլիսոփայական կողմը


Ո՞րն էր արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ու մեր փիլիսոփայությունը: Ո՞րն է հետպատերազման «խաղաղության» փիլիսոփայությունը: Քննարկում են փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ Դավիթ Մոսինյանը և Արմեն Սարգսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ովքե՞ր են դասալիքները


Պատերազմը մղձավանջ է։ Պարտված պատերազմը՝ անմխիթար մղձավանջ։ Չդադարող պատերազմը՝ չավարտվող անմխիթար մղձավանջ։ Ինչպե՞ս չվհատվել: Զրուցում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Շահե ծայրագուն վարդապետ Անանյանը և «Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Սերգեյ Խաչիկօղլյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Արտագաղթի անակնկալները


Անորոշություն, անվտանգության կորուստ, սոցիալական անապահովություն. այս խնդիրները հիմնականում այլ երկիր տեղափոխվելու դրդապատճառ են դառնում: Բայց հաճախ հենց դրանք են լինում բարեկեցիկ պետությունների օդակայաններում մեզ դիմավորողները: Լույս է տեսել հոգեբան Լիլիթ Մնացականյանի «Արտագաղթի հոգեկան փորձառությունը ապաստանի հայցման պայմաններում» հետազոտությունը, որը հիմնված է Ֆրանսիա արտագաղթած մեր հայրենակիցների դեպքերի ուսումնասիրության վրա: Գրքի հեղինակը «Երրորդ հազարամյակի» տաղավարում է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ինչպես լինել կապի մեջ և չհայտնվել թշնամու թիրախում. խորհուրդներ մեդիա փորձագետներից


«Չհրապարակել կամ չտարածել չճշտված լուր» արտահայտությունը հատկապես պատերազմի պայմաններում մեդիա վարքագծի պատվիրան է: Սակայն ինչպե՞ս պահել պատվիրանը, երբ հայտնի չէ ճշտման ատյանը, իսկ պաշտոնական ապատեղեկատվությունը փաստ է: Իրավիճակը վերլուծում և խորհուրդներ են տալիս տեղեկատվական անվտանգության փորձագետներ Արթուր Պապյանը և Սամվել Մարտիրոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հիմնադրամներ հանուն կյանքի՝ զոհված տղաների հիշատակին


Պատերազմում զոհված որդիների հիշատակին ստեղծված բարեգործական հիմնադրամների ստեղծումը նոր մշակույթ է մեզանում: Մեր տաղավարում են արցախյան 44-օրյա պատերազմում զոհված երկու զինվորների հայրեր, որդիների անունով ստեղծած երկու այդպիսի հիմնադրամների հիմնադիրներ՝ «Արեն Մեհրաբյան» ԲՀ հիմնադիր Մհեր Մեհրաբյանը և «Կարո Հովագիմյան» ԲՀ հիմնադիր Սարկիս Հովագիմյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Իրավաքաղաքական մտքի պատմություն՝ ձեռնարկ շատերի համար


Լույս է տեսել իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանի «Իրավաքաղաքական մտքի պատմություն» ուսումնական ձեռնարկը: Գրքում ամփոփ ներկայացվում և վերլուծվում են նշանավոր մտածողների իրավական և քաղաքական առանքային գաղափարները՝ հնագույն շրջանից մինչև նոր ժամանակներ: Առանձին բաժնով ներկայացված են հայ իրավաքաղաքական մտքի ներկայացուցիչների հայացաքները: Գրքի հեղինակը «Երրորդ հազարամյակի» տաղավարում է: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Ինչպես լսել դիմացինին և ինչպես վարել բանակցություններ


Լսել, որոշում կայացնել, բանակցել, կենտրոնանալ, ապրումակցել և այլն: Կյանքի հմտություններ, որոնք չեն սովորեցնում ակադեմիական ծրագրերում: Փափուկ հմտությունների կամ հաղորդակցվելու հմտությունների մասին զրուցում և գործնական խորհուրդներ է տալիս դասընթացավար Արտակ Ալոյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման մանրամասներ


Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ 1988 թվականից սկսած սա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր: Ի՞նչ շեշտադրումներ ուներ 2021թ.-ի եռակողմ հանդիպումը, ի՞նչ խնդիրներ են բարձրացվել: Մանրամասնում են եռակողմ հանդիպմանը Հայ եկեղեցու պատվիրակության անդամներ՝ Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և իրավաբանական գիտ. դոկտոր, ԳՀԽ անդամ Գևորգ Դանիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Տուրբուլենտ տարածաշրջանը և մեր փնտրվող ղեկը


44-օրյա աղետից հետո Հայաստանում կտրուկ ակտիվանում է Իրանը, իսկ ապա՝ Հնդկաստանը: Դրան զուգահեռ, տարածաշրջանում ակտիվությունը չեն թուլացնում մշտական խաղացողները: Սա քաղաքագիտական հետաքրքիր կոմբինացիայի վերլուծության նյութ կլիներ, եթե խոսքը չվերաբերեր մեր կենսական շահերին: Ի՞նչ է կատարվում տարածաշրջանում, ի՞նչ դերակատարաություն ունենք մենք՝ մեր շուրջը ծավալվող խոշոր գործընթացներում: Թեման քննարկում են քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրանագետ Ահարոն Վարդանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Միջազգային իրավունքը և քաղաքական մանիպուլիացիաները. ՀՀ սահմաններ, Արցախի Հանրապետության ճանաչում


ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության գործով հայցադիմումը՝ (ICJ) Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի խախտման հիմքով (CERD)։ Սա Հաագայի դատարան երբևէ ներկայացված առաջին հայցն է Հայաստանի կամ Ադրբեջանի մասնակցությամբ: Ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ այս և նմանատիպ միջազգային իրավական գործընթացներից Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցում: Այսօր ՀՀ տիտղոսային տարածքների զիջումը, ԽՍՀՄ քարտեզներով Հայաստանին պարտադրվող սահմանազատումը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջ քաշվող նախապայմանները քաղաքական մանիպուլիացինե՞ր են, թե՞ միջազգային իրավունքից բխող գործընթացներ: Մեկնաբանում է միջազգային իրավունքի մասնագետ, Հաագայի դատարան ներկայացված գործի աշխատանքային խմբի փորձագետ Լևոն Գևորգյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: