ՀԲԸՄ դահլիճում կայացել է Լևոն Լաճիկյանի «Պոլիսն իմ աչքերով» անհատական ցուցահանդեսը


Նկարիչ Լևոն Լաճիկյանի գծանկարների և գեղանկարների «Պոլիսն իմ աչքերով» անհատական ցուցահանդեսը պատմում է հին ու նոր Պոլսի, այնտեղ հայկական հետքի ու ժառանգության մասին: Ցուցադրված 50 աշխատանքների մեծ մասը առաջին անգամ է ներկայացվում արվեստասերներին: Պատմական պարիսպները, բերդերը, նեղլիկ փողոցներն ու ետնաբակերը, հայկական հնամենի եկեղեցիները ու Իշխանաց կղզու տեսարանները դիտողին տեղափոխում են հին ու նոր Պոլիս:

 

Մայր Տաճարի թանգարանը մասնակցել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ծրագրին


Մայր Տաճարի թանգարանում ցուցադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն՝ «Սուրբ Էջմիածին» շքանշանը, որի կենտրոնում պատկերված է հայոց հոգևոր կենտրոնը, Գրիգոր Լուսավորիչը՝ լուսապսակով ու խաչանիշ գավազանով: Նրա կողքին Տրդատ թագավորն է, վերևում՝ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները: Շքանշանը 2024 թվականին է ստեղծվել: Ներկայացվել են նաև «Դուստր Սուրբ Էջմիածնի» և «Ասպետ Սուրբ Էջմիածնի» շքանշանները։

 

Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագից հետո բակում հնչել են Համբարձման տոնի խաղերգերը


Մայր Աթոռում Համբարձման տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվել: Մանկավարժների ու հոգևոր սպասավորների առաջնորդությամբ հավաքվել են Երևանի ու Էջմիածնի Հայորդյաց տների սաները: Մայր Աթոռի Մատենադարանի մուտքի մոտ կատարումներով հանդես են եկել հայորդյաց տների պարախմբեր, կրկեսի դպրոցի սաներ, դհոլահարներ, քանոնահարներ: Համերգային ծրագրից հետո Հայորդյաց տների սաները հանդիպել են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

 

Ծաղկեվանքում ուխտավորների մի մասը պատարագին մասնակցել է դրսում՝ աստիճանների վրա


Տեր Սարգիս քահանա Սարգսյանը ուխտավորներին ներկայացրել է Համբարձման տոնի խորհուրդն ու կարևորությունը: Համբարձման տոնը Ծաղկեվանքի ուխտի օրն է։ Ուխտավորները հույսով, հավատով, աղոթքով հասնում են վանք՝ խնդրելու քրիստոնյա կույսի բարեխոսությունը: Հավատացյալները կաթիլ առ կաթիլ հավաքում պատերից հոսող ջուրը հիվանդներին բժշկելու համար:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիր


Մայիսի 9-ին հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիր, անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ է դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների անմար հիշատակին: Հոգևորականները Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ աղոթել են նրանց հոգիների հանգստության համար:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է վերջերս նորոգված Մալաթիայի Հայորդյաց Տուն


Հայոց Հայրապետը օրհնել ու խաչեր է նվիրել հաստատության սաներին և զրուցել նրանց հետ: Հաստատությունը վերջերս է հիմնանորոգվել՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ, այն կրում է բարերար ընտանիքի՝ Լևոն և Վիկտորիա Շալջյան Մալաթիայի հայորդյաց տուն անվանումը:

 

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը վիկտորինա է անցկացրել Մալաթիայի Հայորդյաց տանը


Գիտելիքի ստուգատեսին ներկա է եղել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Մայր Աթոռի միաբանների, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ: Հին և Նոր Կտակարանների սուրբգրային պատումներից կազմվել են հարցաշարեր, շտեմարաններ, հայորդյաց տների սաները սերտել են դրանք կրոնի դասերին:

 

Քրիստոսի Խաչափայտի մասունքը տեղափոխվել է Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի


Սուրբ Խաչի երևման տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի է տեղափոխվում Քրիստոսի Խաչափայտի սրբազան մասունքը: Մեծ Հայքի Մոկք նահանգի Ապարան գյուղից է Սուրբ մասունքը բերվել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, ապա իր հանգրվանը գտել Մայր Աթոռի գանձատանը։ Մասունքը սովորաբար եկեղեցում պահվում է մինչև երեկո՝ հնարավորություն ընձեռելով բոլորին հաղորդակցվելու մասունքից բխող զորությանը։

 

Հայկական մանրանկարչությունը ժամանակակից մատուցմամբ. հանդիպում-զրույց «Ֆենիքս» գրախանութում


Հանդիպման առանցքում «Տեառնընդառաջ» և «Մուտք Երուսաղեմ» տերունական պատկերների հիման վրա ստեղծված փազլների շնորհանդեսն էր։ Դրանց նպատակն է երեխաներին վաղ տարիքից հաղորդակից դարձնել հայկական հոգևոր մշակույթին և այն հարուստ գանձարանին, որի կրողն ու ժառանգորդը պետք է դառնան: Առաջիկայում շարքը կհամալրվի նաև Սուրբ Հարության թեմայով մանրանկարչական փազլով:

 

Այս տարի Կարմիր Ավետարանը բերվել է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի


2019 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, հավատացյալները Հովհաննավանքի ուխտի օրը հաղորդակցվում էին Կարմիր Ավետարանից բխող զորությանը: Այս տարի Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, որ Ավետարանը Հովհաննավանք տանելը իրատեսական չէ, քանի որ եկեղեցին փաստացի զավթված է։ Կարմիր Կիրակիին, հավատացյալների երկրպագության համար Կարմիր Ավետարանը բերվել է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է փաստաբանների միջազգային համաժողովի մասնակիցներին


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է փաստաբանների պալատի նախաձեռնությամբ այս օրերին Երևանում անցկացվող փաստաբանների միջազգային համաժողովի մասնակիցներին, այդ թվում՝ Ֆրանսիայի ազգային խորհրդի փաստաբանական պալատի անդամների և տարբեր քաղաքների փաստաբանական համայնքների ներկայացուցչների: Նորին Սրբությունը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի իշխանությանը և ֆրանսիացիներին՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրած ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ հոգածու վերաբերմունքի համար։

 

Մայր Աթոռում կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսության կարգ


Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակի օրվա առիթով, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Ավելի ուշ՝ եկեղեցականների թափորը, Սուրբ Նահատակների մասունքարանով, հավաքվել է Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող ուխտի խաչքար-հուշարձանի մոտ: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների բարեխոսական կարգ: