Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Գայանյանց կույսերի հիշատակության տոնը


Եկեղեցականների թափորը Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Տաճարից շարժվել է Սուրբ Գայանե վանք: Ամեն տարի սրբուհու հիշատակության օրը դուրս է բերվում Սուրբ Գայանեի աջաձև մասունքարանը՝ հավատացյալներին օրհնություն բաշխելու համար: Արարատյան շաբաթվա ընթացքում Մայր Աթոռից Շողակաթ վանք կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները, կնշվի նաև վանքի ուխտի օրը:

 

Հայորդյաց տների սաները նկարելով, երգելով ու խաղալով նշել են Հռիփսիմյանց կույսերի ու երեխաների տոնը


Հռիփսիմյանց կույսերի տոնին Երևանի, Աշտարակի ու Էջմիածնի Հայորդյաց տների սաները հոգևոր տեսուչ Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ, հաստատությունների հոգևոր սպասավորների, մանկավարժների հետ միասին նշել են եկեղեցական տոնն ու երեխաների պաշտպանության միջազգային օրը: Սուրբ Հռիփսիմե վանքի բակում տեղավորել են նկարչական պարագաներ, շախմատի տախտակներ, գորգ գործելու դազգահներ, ձեռքի աշխատանքի զանազան պարագաներ և նկարել են, գործել ու երգել: Ավելի ուշ երեխաներն ուղևորվել են Զվարթնոցի տաճար՝ տեսնելու ճարտարապետական գլուխգործոցը, որտեղ Հայորդյաց տների դհոլահարները ֆլեշմոբ են անցկացրել:

 

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնը


Հռիփսիմե կույսի մասունքակիր Աջով Գրիգոր Լուսավորչի կամարի մոտ Ամենայն Հայոց Հայրապետը օրհնել է հոգևոր դասին և բարեպաշտ ժողովրդին։ Տոնի առիթով Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագի ավարտին սրբուհու մասունքակիր Աջով կատարվել է Անդաստանի կարգ: Այս տոնով մեկնարկում է Արարատյան շաբաթը։

 

Մայր Տաճարում տոնի առիթով կատարվել է Հանրապետական մաղթանք


Հանրապետության տոնի առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք: Հոգևորականներն ու հավատացյալները աղոթել են Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ ու անվտանգ կյանքի համար: Հանրապետական մաղթանքից հետո Միածնաէջ Մայր տաճարում Իջման Սուրբ Սեղանի առջև անդրանիկ եպիսկոպոսական պատարագն է մատուցել Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը: Սրբազան Հայրը անցած կիրակի՝ Հոգեգալստյան տոնի օրն է Հայոց Հայրապետի ձեռամբ ձեռնադրվել ու օծվել:

 

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նրանց եպիսկոպոսական աստիճանի արժանանալու առիթով և մաղթել արդյունավոր առաքելություն՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության, հայրենիքի շինության համար։ Նորին Սրբությունը հորդորել է Սրբազան Հայրերին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել ազգային-հոգևոր կյանքը զորացնելու, մարդկանց հավատ և հույս ներշնչելու համար: Ձեռնադրությունից և օծումից հետո Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճան են ստացել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայրապետական պատարագի ընթացքում Վեհափառ հայրապետն աղոթել է ձեռնադրվողների համար` Սուրբ Հոգուց խնդրելով շնորհներ, որպեսզի ճշմարիտ հովիվներ լինեն: Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում ուխտի պատարագներ կմատուցեն:

 

Բագրատ սրբազանի 55-ամյակի առիթով հնչել է նրա և Դավիթ Ամալյանի հեղինակած «Իմ հայրենիք» երգը


Մասիսի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել «Լույսի հաղթություն» խորագրով երեկո՝ նվիրված Բագրատ արքեպիսկոպոսի 55-ամյակին: Սրբազանը տարեդարձը նշեց ապօրինի ազատազրկման մեջ։ Հավաքվել են Սրբազանի աջակիցները, նրա գործունեությունը գնահատող մտավորականներ ու արվեստագետներ:

 

ՀԲԸՄ դահլիճում կայացել է Լևոն Լաճիկյանի «Պոլիսն իմ աչքերով» անհատական ցուցահանդեսը


Նկարիչ Լևոն Լաճիկյանի գծանկարների և գեղանկարների «Պոլիսն իմ աչքերով» անհատական ցուցահանդեսը պատմում է հին ու նոր Պոլսի, այնտեղ հայկական հետքի ու ժառանգության մասին: Ցուցադրված 50 աշխատանքների մեծ մասը առաջին անգամ է ներկայացվում արվեստասերներին: Պատմական պարիսպները, բերդերը, նեղլիկ փողոցներն ու ետնաբակերը, հայկական հնամենի եկեղեցիները ու Իշխանաց կղզու տեսարանները դիտողին տեղափոխում են հին ու նոր Պոլիս:

 

Մայր Տաճարի թանգարանը մասնակցել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ծրագրին


Մայր Տաճարի թանգարանում ցուցադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն՝ «Սուրբ Էջմիածին» շքանշանը, որի կենտրոնում պատկերված է հայոց հոգևոր կենտրոնը, Գրիգոր Լուսավորիչը՝ լուսապսակով ու խաչանիշ գավազանով: Նրա կողքին Տրդատ թագավորն է, վերևում՝ Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները: Շքանշանը 2024 թվականին է ստեղծվել: Ներկայացվել են նաև «Դուստր Սուրբ Էջմիածնի» և «Ասպետ Սուրբ Էջմիածնի» շքանշանները։

 

Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագից հետո բակում հնչել են Համբարձման տոնի խաղերգերը


Մայր Աթոռում Համբարձման տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվել: Մանկավարժների ու հոգևոր սպասավորների առաջնորդությամբ հավաքվել են Երևանի ու Էջմիածնի Հայորդյաց տների սաները: Մայր Աթոռի Մատենադարանի մուտքի մոտ կատարումներով հանդես են եկել հայորդյաց տների պարախմբեր, կրկեսի դպրոցի սաներ, դհոլահարներ, քանոնահարներ: Համերգային ծրագրից հետո Հայորդյաց տների սաները հանդիպել են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

 

Ծաղկեվանքում ուխտավորների մի մասը պատարագին մասնակցել է դրսում՝ աստիճանների վրա


Տեր Սարգիս քահանա Սարգսյանը ուխտավորներին ներկայացրել է Համբարձման տոնի խորհուրդն ու կարևորությունը: Համբարձման տոնը Ծաղկեվանքի ուխտի օրն է։ Ուխտավորները հույսով, հավատով, աղոթքով հասնում են վանք՝ խնդրելու քրիստոնյա կույսի բարեխոսությունը: Հավատացյալները կաթիլ առ կաթիլ հավաքում պատերից հոսող ջուրը հիվանդներին բժշկելու համար:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիր


Մայիսի 9-ին հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելել է Հաղթանակ զբոսայգու հուշահամալիր, անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ է դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների անմար հիշատակին: Հոգևորականները Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ աղոթել են նրանց հոգիների հանգստության համար: