Ափնա գյուղի սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի Խաչափայտի մասունք է բերվել


Խաչվերացի պատարագը մատուցել է Արագածի հովվության հոգևոր հովիվ տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը: Նա հորդորել է երբեք չտկարանալ, որպես քրիստոնյա՝ հավատով կրել սեփական խաչը և խաչին ապավինած՝ հաղթահարել բոլոր փորձությունները: Հավատացյալները Խաչափայտի մասունքին հպվելով օրհնություն են ստացել։ Տոնական Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել:

 

Երևանում և մարզերում գործող 8 հայորդաց տները սկսել են նոր ուսումնական տարին


Երևանում 3 Հայորդաց տուն է գործում Նոր Նորք, Մալաթիա, Արաբկիր վարչական շրջաններում և «Մանրանկարչության դպրոց» Քանաքեռում: Հայորդաց տներ կան Էջմիածնում, Աշտարակում, Գյումրիում և Վանաձորում: Երեսնամյա գործունեության ընթացքում հայորդիների մի քանի սերունդ է կրթվել այս հաստատություններում: Կրթօջախի բոլոր՝ բեմարվեստի, սպորտի, օտար լեզուների, լրագրության և կիրառական արվեստի, նկարչության բաժիններում այս պահին շարունակվում են ընդունելությունները կամ գործող դասարանները համալրելու կամ նոր դասարաններ բացելու համար:

 

Արուճում նշել են Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծման տարեդարձը


Հարյուրամյա դադարից հետո եկեղեցին սկսել է լիարժեք կյանքով ապրել՝մկրտություն, պսակ, պատարագ ու ժամերգություն: Արուճցիների պնդմամբ՝ աղոթատունը փոխել է իրենց կյանքը՝ եկեղեցու շուրջ հավատացյալների մեծ համայնք է ձևավորվել, կրկնապատկվել է կիրակնօրյա դպրոցի սաների թիվը: Եկեղեցու վերաօծման օրը դարձել է ուխտի օր արուճցիների և հարակից գյուղերի բնակիչների համար։

 

Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակի առիթով շրջանառության մեջ է դրվել նոր արծաթե հուշադրամ


Հուշադրամը հատվել է Լեհաստանում՝ պրուֆ որակով, 925 հարգի արծաթով, որը կշռում է 33.6 գր։ Թողարկվել է 500 հատ, 1000 դրամ անվանական արժեքով: Հուշադրամի դիմերեսին Ճեմարանի պատկերանիշն է, հատված ճեմարանի ուխտերգից, սուրբ հոգին խորհրդանշող աղավնի և խաչքարի վարդյակ։ Դարձերեսին Ճեմարանի շենքն է և Գևորգ 4-րդ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի դիմապատկերն է, որի ջանքերով 1874թ հիմնադրվեց ճեմարանը։

 

Հայ Առաքելական սուրբ եկեղեցին սեպտեբերրի 5-ին տոնել է սուրբ Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակը


Շողակաթ եկեղեցում մատուցվել է պատարագ։ Մաշտոցյան Մատենադարանից ավանդաբար ամեն տարի այս տոնին Շողակաթ եկեղեցի է բերվում Սանգիբարանի Ավետարանը: Իրանի գյուղերից է Սանգիբարանը, որտեղ հայերը բնակվել են 17-րդ դարից սկսած՝ Շահ Աբասի իրականացրած բռնագաղթի արդյունքում:

 

Արարատի մարզի մի քանի բնակավայրերում բացվել են ֆուտբոլի խմբակներ


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը Արարատի համայնքապետարանի և Մասյացոտնի թեմի հետ համագործակցաբար՝ մարզի մի քանի բնակավայրերում ֆուտբոլի խմբակներ է բացել և պատանիներին անվճար մարզվելու հնարավորություն ընձեռել:

Երեւանում կազմակերպվել է միջազգային գիտաժողով, որտեղ քննարկել են պատմական կեղծարարությունները


«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կազմակերպել է պատմամշակութային ժառանգության խնդիրների վերաբերյալ գիտաժողով։ Պատմաբան Հովիկ Ավանեսովը անդրադարձել է 1960-ականներից սկսած՝ հայկական մշակութային ժառանգության խեղաթյուրման և ոչնչացման Ադրբեջանի պետական քաղաքականությանը, որի աշխարհագրությունն ավելի ընդլայնվեց 2000-ականներից:

 

Սուրբ Աստվածածին եկեղեցին բարեկարգումից, կահավորումից ու նորոգումից հետո վերաօծվել է


Դորբանդավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին վաղ միջնադարի կառույց է: Վերջին անգամ նորոգվել է 1980-ականներին: Թեմակալ առաջնորդի նախաձեռնությամբ մի խումբ տեղացի բարերարներ հոգացել են եկեղեցու բարեկարգման և կահավորման մասին: Փոխվել են դռներն ու պատուհանները, լուծվել է լուսավորության հարցը։ Եկեղեցուն նվիրաբերվել են խորանի վարագույր, ջահ և մոմակալներ:

Լանջանիստ գյուղի Սպիտակ Վանք համալիրում ընթանում են մասշտաբային պեղումներ


Մասյացոտնի թեմի նախաձեռնությամբ՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը պեղումներ է իրականացնում Լանջանիստ գյուղի Սպիտակ Վանք համալիրում: Այստեղ կարճատև պեղումներ իրականացվել էին 2021 թվականից, սակայն վանական համալիրի ամրակայման և վերականգնման նպատակով առավել մասշտաբային պեղումներ իրականացնելու անհրաժեշտություն կա: Սպիտակ վանք համալիրը բաղկացած է սուրբ Աստվածածին եկեղեցուց և կից օժանդակ կառույցներից, որոնց ֆունկցիոնալ նշանակությունը պարզ կդառնա պեղումների ավարտին:

Մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 11-րդ փառատոնը


Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Վանաձորում, ապա շարունակվել Երեւանում: Փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, հոգևորականներ, հոգեբաններ, մանկավարժներ՝ նպատակ ունենալով մշակույթի լեզվով հասարակության հետ խոսել համամարդկային արժեքների՝ սիրո, հանդուրժողականության և խաղաղասիրության մասին: Փառատոնը կազմակերպել է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Մոշաղբյուրցի բարերարների միջոցներով վերականգնվում է Սուրբ Կարապետ վանական համալիրը


Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանական համալիրի եկեղեցու, զանգակատան և դամբարանատան ամրակայման և վերականգնման աշխատանքները սկսվել են: Սուրբ Աստվածածին եկեղեցու հատակը կրաքարե շարվածք է ունեցել, որն հիմա հեռացվել է և հիմքերի ամրակայումից հետո նոր հատակ կշարվի: Առաջին հարկի ավանդատան պատուհանների վնասված քարերը փոխարինվել են նոր քարերով: Վերականգնման նախագծում ներառված է նաև ջրամատակարարումը: Ըստ նախնական հաշվարկների՝ աշխատանքները կընթանան մինչև 2025թ. տարեվերջ:

12 տարի տեւած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի


Այս պահին Մայր Տաճարում վերականգնման վերջին աշխատանքներն են ընթանում։ Սալապատվում է հատակը, զուգահեռ որոշ հատվածներում վերկանգնվում և թարմացվում են որմնանկարները: Վերականգնվում են Զանգակատան, Ավագ խորանի դիմացի, Հարավային և Հյուսիսային խորանների աստիճաների և Արևմտյան խորանի որմնանկարները: