«Կատապուլտ» ծրագիրը աջակցում է ստեղծագործողներին՝ տրամադրելով կրթություն ու ձեռնարկատիրական հմտություններ


Հայկական բարեգործական ընդհանուր միության «կատապուլտ» մշակութային ստեղծարար ծրագրի նպատակն է պահպանել ժառանգությունն ու զարգացնել այն։ Խրագգիրը զբաղվում է անհատ նկարչի համար վաճառքի հարթակ գտնելուց մինչև Մատենադարանի կամ ֆիլհարմոնիկ նվագախմբի համար գույքի, սարքերի ձեռքբերմամբ: Ծրագրի աջակցությամբ Մատենադարանում բացվել է «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» լաբորատորիա-ցուցասրահը, որտեղ Ցուցադրվել են, թե ինչպես էին միջնադարում բույսերից օծանելիքներ, ներկանյութեր, կազդուրիչ ըմպելիքներ ստանում:

 

«Իզմիրլյան» ԲԿ համալրվել է ուրոլոգիական խնդիրները բուժող նորագույն տեխնոլոգիաներով


Բժշկական կենտրոնում բացվել է տարածաշրջանում առաջին «Միզաքարային հիվանդության բուժման գերազանցության կենտրոնը»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իզմիրլյան բժշկական կենտրոնը, մեկ միլիոն դոլարի ներդրում է կատարել և ձեռք է բերել միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն ու եզակի տեխնոլոգիաներ:

 

Էջմիածնի Հայորդյաց տան քանոնի դասարանի սան Մարի Վարդանյանը դարձել է Դելփյան խաղերի ոսկե մեդալակիր


Մարի Վարդանյանը Ղրղզստանի Բիշքեկ քաղաքում մասնակցել է ԱՊՀ երկրների Դելփյան խաղերին ու արժանացել ոսկե մեդալի: Այդ ստուգատեսում տասնյակ երկրներ ներկայացնում են մանկապատանեկան կատարողական արվեստ: Մրցույթը կայացել է երկու փուլով՝ Մարին նախ նվագել է Անանհիտ Վալեսյանի Աշնան տերևը և Խաչատուր Ավետիսյանի կոնցերտը, ապա երկրորդ փուլում նվագել է Ծովինար Հովհաննիսյանի էքսպրոմտը և իմպրովիզ Թամամ աշխարհ պտուտ եկա երգի թեմայով:

 

Հայ Օգնության ֆոնդի նախաձեռնությամբ անցկացվել է երեխաների եւ դեռահասների սնուցման հարցով համաժողով


Միջազգային երրորդ համաժողովը ՀՕՖ-ը անցկացրել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Սնուցման ինստիտուտի և Տեխասի գյուղատնտեսության, սննդի և սնուցման գիտական կենտրոնի մասնագետների, Պարենի համաշխարհային ծրագրի, Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Բուժհաստատություններում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մանկահասակ երեխաները թերսնուցման խնդիր ունեն: Արդյունքում ՀՕՖ-ը միջոցներ է տրամադրել մարզի մանկապարտեզները առողջ սննդով ապահովելու համար, սննդի փաթեթներ է տրամադրել երեխաների ընտանիքներին, ինչպես նաև ներգրավեց բժիշկ խորհրդատուի:

 

Օծվել է Մասյացոտնի թեմի Ոսկետափ գյուղի Ս. Սահակ Ս. Մեսրոպ եկեղեղեցին


Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռմաբ տեղի է ունեցել Ոսկետափ գյուղի Սուրբ Սահակ Սուրբ Մեսրոպ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Նորակառույց սրբավայրը կրում է հայ եկեղեցու ամենահեղինակավոր հայրերի՝ հայ գրի և դպրության հիմնադիր առաջնորդների՝ Ս. Սահակ Կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոց վարդապետի անունները:

 

Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում օծվել է Սուրբ Զորաց մատուռը


Մատուռի օրհնության եւ օծման արարողությունը կատարվել է Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Օծվել են խաչը, զանգը, սուրբ սեղանը: Զորաց մատուռը կառուցվել է համայնքի հերոսների պուրակում: Տարոնիկը Արտիմետի հովվության 5 հայնքներից մեկն է: Մատուռի կառուցման գաղափարը համայնքի բնակիչ Սամվել Հովսեփյանինն է: Նրա որդին զոհվել է 44 օրյա պատերազմում:

 

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը նշել է կազմավորման տասնամյակը


Հավաքված կանայք մասնակցում են պատարագների, ժամերգությունների, սոցիալական ու բարեսիրական ծրագրերի: Նրանք եկեղեցու կողքին են և կարևոր նպաստ են բերում համայնքի հոգևոր, մշակութային, մարդասիրական տարբեր նախաձեռնություններին: Տիկնանց միության տասնամյակի առիթով կանայք ներկայացում ու ֆիլմ են դիտել Խնկո Ապոր գրադարանում։

Մայր Տաճարում եպիսկոպոսական անդրանիկ Պատարագն է մատուցել Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը


Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը նոյեմբերի 3-ին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արժանացած հոգևորականներից է։ Ֆրանսիայի Հայոց թեմն ունի 25 հայկական եկեղեցի, 24 ծուխ: Գրիգոր եպիսկոպոսը Մայր Աթոռ է եկել թեմական խորհրդի նախագահի, համայնքի անդամների հետ: Ֆրանսիայի հայոց թեմը իր գործունեության ընթացքում մարդկանց հոգևոր կարիքներից, սրբազան արարողություններից զատ հայանպաստ միջավայր ձևավորելու աշխատանքներ է իրականացնում:

Վանաձորի Հայորդյաց տան սանը ոսկե մեդալ է նվաճել կարատեի միջազգային մրցաշարին


Վանաձորի Հայորդյաց տան Օլիմպիական կարատեի դասարանի սան Ալեն Գևորգյանը Հայաստանի հավաքականի կազմում Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Աշուն 2024» կարատեի միջազգային մրցաշարին և արժանացել է ոսկե մեդալի: Նա 12 տարի է՝ զբաղվում է կարատեով:

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ Ավետարանիչներ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տոնը


Սուրբ Ավետարանիչներ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տոնի առիթով Վեհափառի Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմի Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի է տարվել Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը: Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը մասունքակիր խաչով օրհնել է ժողովրդին և պահպանիչ աղոթքով եզրափակել սրբազան արարողությունը:

 

Օծվել են Սասունիկի Սուրբ Խաչ եկեղեցու 72 քարե խաչերը


Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ օծվել են 72 քարե խաչերը: Մինչ սրբալույս մյուռոնով օծվելը քարերը լվացել են ջրով ու գինով: Սուրբ Խաչ եկեղեցական համալիրը կառուցվում է հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթներով: Եկեղեցին 33 ասեղնագործ խաչքար է ունենալու:

 

Արարատյան հայրապետական թեմը Թարգմանչաց տոնի առիթով կազմակերպել է ինտելեկտուալ խաղ


3 փուլից բաղկացած խաղին մասնակցել է ԱՀԹ 11 երիտասարդաց միություն։ Հաղթական գավաթը նվաճել է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության թիմը:  Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Գանձասար» երիտասարդաց միությունը, 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու՝ «Զորավոր» միությունը: Հաղթողներին տրվել են պատվոգրեր ու մրցանակներ: ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր խորհուրդը տավա մեջ մի քանի անգամ տարբեր թեմաներով անցկացնում է ինտելեկտուալ փառատոններ: Սա այս տարվա 4-րդ խաղն էր: