Մյուռոնի օրհնությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը իր հայրական պատգամն է ուղղել ժողովրդին: Նորին սրբությունը հայ ժողովրդին մաղթել է, որ նոր մյուռոնը հոգևոր ուժ և վերհառնումի զորություն բերի:
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս բարդ իրավիճակի կարգավորման գործում հիմնական պարտավորությունն ու պատասխանատվությունը մերն է, հարկ է համախմբվել, զերծ պահել հայրենի մեր երկիրը նոր ցնցումներից ու կորուստներից, փարատել ապագայի շուրջ առկա տագնապներն ու մտահոգությունները, վերատեսության ենթարկել սխալ ու ազգավնաս ընթացքները, առավել ամրապնդել Հայաստան-սփյուռք հարաբերությունները, ներքաղաքական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության և ելքի ուղիներ գտնել հայրենիքում մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի վերականգնման՝ մեզ ուղեկից դարձնելով արդարությունը, խիզախությունն ու ազնվությունը։ Այս պայմաններում առ Աստված ապավինությունն ու հույսը խարիսխ և զորություն են՝ մեզ պատուհասած արհավիրքներից վերհառնումի և զորեղ հայրենիքի կերտման։ Արդ, սիրելիներ, թող այս նոր մյուռոնը լինի հույսի և վերհառնումի մյուռոն, լուսաշող վկայություն ազգային ու հայրենական մեր կյանքը վերընձյուղելու վճռականության և ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարմամբ մեր բարօր գալիքը կառուցելու հաստատակամության»։