
Հայաստանում աննախադեպ իրավիճակ է: Խախտվում են Սահմանադրական կարգը, միջազգային իրավական նորմերը, դավանանքի ու մտքի, խոսքի ու համոզմունքի ազատությունը: Խախտվում են մեկ կենտրոնից՝ ՀՀ կառավարության կողմից, խախտվում են մեկ հաստատության՝ Հայ եկեղեցու դեմ սկսված հալածանքով:
Պատժի գործիքները բազմազան են՝ ատելության խոսք, քրեական շինծու վարույթներ, ներքին պառակտում, պետականացված բռնություն:
Պատժի նպատակը՝ լռեցնել Հայ եկեղեցու, այսինքն՝ հայ ժողովրդի ձայնը: Հայ եկեղեցին հայ ժողովրդի միակ հաստատությունն է, որն անկախ քաղաքական փոփոխություններից, ինքնուրույն է եղել բոլոր կրոնական կենտրոններից, ինքնուրույն է գործել բոլոր պետական միավորումներում, ինքնուրույն է պահպանել ազգային մտածողությունն ու արժեքները: Այդպես եղել է պատմականորեն: Այդպես է և հիմա:
Ի՞նչ կպարզվի վաղը, երբ իրավունքի ատյաններում խոսելը հնարավոր դառնա: Երբ ժողովրդավարությունը իսկապես գործի և հարգվի հայ ժողովրդի՝ Հայ եկեղեցու ինքնապաշտպանության իրավունքը:
Սահմանադրական կարգի ու միջազգային իրավունքի խախտման բոլոր փաստերը՝ օրացուցային ճշգրտությամբ: Ներկայացնում է ՓԱԿՏՈՒՄ փաստագրական կենտրոնը: